Հետևեք մեզ։

Թմրանյութերը հասել են դպրոց, էկոլոգիական աղետ է, 25 մլրդ դրամի խաղադրույք է արվել, պարոն Փաշինյան, ի՞նչն այնպես չեք անում․ հարց՝ վարչապետին

14:46, 22 մայիս 2023
Թմրանյութերը հասել են դպրոց, էկոլոգիական աղետ է, 25 մլրդ դրամի խաղադրույք է արվել, պարոն Փաշինյան, ի՞նչն այնպես չեք անում․ հարց՝ վարչապետին

Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսում հարց հնչեց թմրանյութերի և երկրում էկոլոգիական վիճակի մասին․ «Թմրանյութերը հասել են դպրոց, թմրանյութերի վաճառքով զբաղվել է պարեկը, Նուբարաշենի աղբավայրն է այրվում՝ էկոլոգիական աղետ է, այս տարվա առաջին 3 ամիսներին խաղատներում կատարվել է արդեն 25 մլրդ դրամի խաղադրույք, ըստ ամերիկյան սոցհետազոտության՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 14 տոկոս է և եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, ՔՊ-ին կտային 21 տոկոս ձայն, Երևանում այդ ցուցանիշը 17 տոկոս է։ Պարոն Փաշինյան, ինչն այնպես չեք անում»։


Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց՝ չեն գնում լուծումների․ 

 

«Անընդհատ թողնում ենք հարցերը, մտածում ենք՝ այս շաբաթ-կիրակին անցնի, մի դուռ կբացվի։ Չի բացվելու ոչ մի դուռ, մենք պետք է բացենք այդ դուռը, դրա համար պետք է կատարենք շատ ծանր ֆիզիզկական, սոցիալ-հոգեբանական, քաղաքագիտական, դիվանադիտական աշխատանք։ Մեզ թվում է, որ մենք մեր ասելիքն ասենք, դրանով հարցերը լուծվում են։ Մենք պետք է ուրիշների ասելիքն էլ լսենք»։

 

Լրագրողը մանրամասնեց հարցը․ «Թմրանյութերը հասարակությունը ոչնչացնում է ներսից, և աղբավայրի հարցը՝ երբ եք կառուցելու աղբի վերամշակման գործարան, այդ օդը շնչում ենք բոլորս», ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․ «Թմրանյութերի հետ կապված՝ դա լրջագույն պրոբլեմ է, այդ պատճառով դա դարձել է Անվտանգության խորհրդում քննարկման առարկա։  Դա լրջագույն մարտահրավեր է։ Շատ կոնկրետ հանձնարարականներ են տրված համապատասխան կառույցներին։


Անկեղծ ասած, հրդեհը ե՞րբ է սկսվել։ Մեծ ծավալների հրդեհ է՞ էնտեղ տեղի ունենում։ 


Գիտեք, որ մենք Կոտայքի մարզում մեծ աղբավայր է կառուցվում, առաջին անգամ պետք է աղբի տեսակավորման խնդիր լուծենք, Նուբարաշենի աղբավայրի ռեկուլտիվացիայի ծրագիրը կա, որը պետք է իրականացնել։ Մենք այդ հարցը չենք կարող լուծել՝ առանց միջազգային փորձը հաշվի առնելու։ Մենք հիմա շատ ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա։