Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներ Ջեսիկա Մորդենը, Ջոն Ուիթինգդեյլը, Կրիս Լոունը և Լորդ Մարկ Մաքինսը նամակ են ուղղել Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որով խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարությունները և կոչ են արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Պատգամավորները նամակում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության ներկայացուցիչները կալանավորվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման և շուրջ 120,000 հայերի բռնի տեղահանումից հետո։
Նամակի հեղինակները խնդրում են, որ կառավարությունը քննարկի Բաքվում բրիտանական դեսպանության ներկայացուցիչների՝ 23 հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունը։
Շնորհակալություն եմ հայտնում բրիտանացի պատգամավորներին Բաքվում գտնվող մեր հայրենակիցների ազատման հարցը բարձրաձայնելու համար։ Միջազգային հանրության հստակ ճնշումների միջոցով է միայն հնարավոր ազդել Ադրբեջանի վրա և ազատել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»,-գրել է նա: