«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մարտի 25-ին iravaban.net-ը նյութ էր հրապարակել, որ ավելի քան 8 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է և պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դուստր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի և նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու մեջ:
2024 թվականի հուլիսի 3-ին Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա և հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց՝ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման են ենթարկել նրան։ Նույն օրը նա ձերբակալվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեում գործը քննող քննիչի կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մարինա Խաչատրյանը ներկայումս աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ: Վերջինս դիվանագիտական աշխատանք է իրականացրել Լեհաստանում և Վրաստանում՝ կատարելով հյուպատոսի պարտականությունները, և տևական ժամանակ է ահազանգում է իր ընտանիքի շուրջ կատարվող դեպքերի մասին, սակայն իրավապահ համակարգում քար լռություն է:
Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը։ Նրա ընտանիքն ու փաստաբանները խորապես համոզված են, որ նրա դեմ Հայաստանում «պատվեր» է իրականացվում՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ կապ ունեցող անձանց կողմից։ Խաչատրյանների ընտանիքը դիմել է ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը և Քննչական կոմիտեին։ Չնայած ՔԿ-ում շորթման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել՝ քննությունն ամիսներ շարունակ տեղից չի շարժվում։
Սա դեռ վերջը չէ: Ըստ ԱԳՆ դիվանագետի հայտարարությունների՝ իր ընտանիքին սպառնում են՝ նշելով. «Փողը տվեք, հորդ հարցը կլուծվի։ Եթե չտաք, հայրդ կմնա այնտեղ, կնստի 15-20 տարի, կուղարկեն Սիբիր»։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Մարինե Խաչատրյանի հետ, սակայն մեր փորձերը անցան ապարդյուն: Հետաքննությունը շարունակվում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։