Հետևեք մեզ։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 30 ազատազրկված անձ պատմել է, որ քրեակատարողականի ծառայողներն անհամաչափ ուժ են կիրառել, հայհոյել են, ոմանք վնասվածք են ստացել․ ՄԻՊ

17:08, 04 ապրիլ 2025
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 30 ազատազրկված անձ պատմել է, որ քրեակատարողականի ծառայողներն անհամաչափ ուժ են կիրառել, հայհոյել են, ոմանք վնասվածք են ստացել․ ՄԻՊ
ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել․ «Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։
 
 
Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել էր նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։
 
 
Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատություից զրկված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:
 
 
Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված շուրջ 30 անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալների և կալանավորված անձանց հետ, շրջայց կատարել խցերում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:
Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից ոմանք Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, տեղեկություններ են ներկայացրել նույն օրը քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին: Ազատությունից զրկված անձինք պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ:
 
 
Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները:
 
 
Արձանագրվել է նաև, որ ազատությունից զրկված անձանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, այդ թվում՝ 2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն:
Այցի ընթացքում ստացված տեղեկություններն ու արձանագրված խնդիրները ներկայում ամփոփվում են:

Վերլուծական