Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իրեն տհաճորեն զարմացրել է ԱՄՆ դեսպանատան արձագանքը Կրիվոյ Ռոգում Ռուսաստանի զինված ուժերի հարվածի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ ամերիկացի դիվանագետները «վախենում են անգամ «ռուս» բառն ասելուց»․ «Ցավոք, ամերիկյան դեսպանատան արձագանքը տհաճ է. երկիրն այնքան ուժեղ է, ժողովուրդն այնքան ուժեղ է, և արձագանքն այնքան թույլ»։
Վլադիմիր Զելենսկին միաժամանակ շնորհակալություն է հայտնել Չեխիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Ավստրիայի արտգործնախարարներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին սկզբունքային դիրքորոշման համար։
«Մենք բարձր ենք գնահատում, որ Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի դեսպանությունները սկզբունքային կերպով արտահայտվեցին»,- հավելել է նա։
Բացի այդ, Զելենսկին կոչ է արել չվախենալ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելուց և նրա դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելուց։ «Եվ մենք, մասնավորապես, ամերիկյան կողմի հետ խոսեցինք հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգերի մասին՝ հենց այդպիսի հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար։ Մենք հույս ունենք ԱՄՆ նախագահի հետ մեր պայմանավորվածությունների վրա, ով խոստացել է օգնել լրացուցիչ Patriot համակարգերի ձեռքբերման հարցում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։