Հետևեք մեզ։

Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ իսկապես ուղիղ, երկար և անկեղծ խոսակցություն ծավալել. Արարատ Միրզոյան

20:23, 22 մայիս 2023
Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ իսկապես ուղիղ, երկար և անկեղծ խոսակցություն ծավալել.  Արարատ Միրզոյան

Մայիսի 22-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: 

 

Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար համատեղ մամուլի ասուլիսը. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցին:

 

«Հարգելի պարոն նախարար, 

 

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում: Ձեր այցը լավ հնարավորություն է անդրադառնալու հայ-բրիտանական երկկողմ օրակարգին և քննարկելու այն հարստացնելուն ուղղված մեր համատեղ քայլերը: Մենք կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկկողմ համագործակցությանը: Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Լիահույս ենք, որ դա իր արտացոլումը կունենա նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցության հարցում:

 

Հարգելի գործընկերներ,

 

Նախարար Դոքերթիի հետ մենք պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել նաև տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Չնայած նկատվող առևտրաշրջանառության ծավալի որոշակի աճին՝ հուսով ենք՝ հաջորդ հանդիպումների ընթացքում արձանագրել էլ ավելի մեծ դրական դինամիկա:  

 

Երկուստեք կարևորել ենք նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների իրավապայմանագրային հիմքի ամրապնդումը, մասնավորապես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման մասով: Կարծում ենք, որ փոխադարձ բարձրաստիճան այցերի իրականացումը ևս այս ուղղությամբ խթան կհանդիսանա:

 

Պարոն Դոքերթիի հետ անդրադարձել ենք նաև Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և արդյունավետ կառավարման ապահովմանը։ Այս համատեքստում մենք արժևորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: 

 

Ցանկանում եմ հատուկ ողջունել մեր խորհրդարանների և հատկապես  խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ակտիվ երկխոսությունը, որը ևս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ շփման կարևոր հարթակ է:

 

Հարգելի՛ ներկաներ,

 

Բնականաբար, մեր այսօրվա քննարկումների առանցքում եղել են են մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության հետ կապված զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

 

Նշել եմ, որ գործընթացին զուգահեռ շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը: Գործընկերոջս հետ քննարկման ժամանակ շեշտել եմ, որ միջանցքի արգելափակումը լուրջ հումանիտար խնդիրներ է առաջացրել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում նաև՝ ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպության՝ Կարմիր խաչի բնականոն գործունեության համար խոչընդոտների միջոցով: Ակնհայտ է, որ այդ արգելափակումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության մաս է: 

 

Եվս մեկ անգամ ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ Միացյալ Թագավորության կառուցողական ներգրավածության և գործուն քայլեր ձեռնարկելու կարևորությունը: Այս համատեքստում ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը: 

 

Մենք կարևորում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը նաև այնպիսի մարդասիրական հարցի լուծման գործում, ինչպիսին է Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը: 

 

Չնայած բանակցային գործընթացին՝ Ադրբեջանը շարունակում է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և սադրիչ գործողությունները, որոնք հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Այս համատեքստում, հիշեցնեմ, հիմնարար դեր ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին հայկական կողմը մնում է հավատարիմ: 

 

Գործընկերոջս վերահաստատել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումը, վերագործարկումը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության սկզբունքների հիման վրա:

 

Եզրափակելով ընդգծեմ, որ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային է բոլոր խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հանձնառությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացումը,  մարդասիրական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման հրամայականը, ինչպես նաև միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:

 

Պարոն Դոքերթի, 

 

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քննարկումների համար և  սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ»:

 

***

Հարց (Ազատություն ռադիոկայան). Շնորհակալություն։ Պարոն Միրզոյան, Դուք անցյալ շաբաթ Մոսկվայում էիք, որտեղ բանակցել եք Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ։ Ինչպե՞ս կամփոփեք այդ բանակցությունները։ Ինչպե՞ս եք գնահատում։ Եվ բանակցություններից հետո, մասնավորապես պարոն Լավրովը հայտարարեց, որ առաջընթաց կա, հատկապես կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։ Խնդրում եմ, կմանրամասնեք դա ինչ է նշանակում։ Արդյո՞ք խոսքը ճանապարհներին է վերաբերում, երկաթուղուն է վերաբերում: Ի՞նչ կարելի է սպասել այս հարցում։ Շնորհակալ եմ։

 

Արարատ Միրզոյան․ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Նախ կուզեի մեկ անգամ ևս շեշտել Հայաստանի հանձնառությունը և հաստատակամությունը կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք մեր կողմից շատ կառուցողականորեն ենք ներգրավված բանակցություններում հենց այսպիսի խաղաղության տեսլականով։ Իհարկե, հասկանալիորեն Հայաստանը միայնակ չի կարող կառուցողական քայլեր գործադրել. այս քայլերը պետք է լինեն փոխադարձ, և փոխադարձության դեպքում իսկապես կարող են երկարատև խաղաղության հիմք հանդիսանալ։ Վերադառնալով հարցին՝ ես, Ձեր թույլտվությամբ, այդտեղ մի փոքրիկ շտկում կանեի: Ես կգնահատեի կամ կամփոփեի ոչ միայն Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները, այև վերջին շրջանի բոլոր հանդիպումները: Գիտեք, շատ ինտենսիվ հանդիպումների փուլ է ստացվել, սկսած Վաշինգտոնում քառօրյա բանակցություններից Ադրբեջանի ԱԳ նախարարի և նրա պատվիրակության հետ, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումների և ապա Մոսկվայում։ Ես կուզեի ասել, որ Վաշինգտոնում մասնավորապես ևս որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ իսկապես ուղիղ, երկար և անկեղծ խոսակցություն ծավալել: Եվ առնվազն կարող եմ ասել, որ այդ խոսակցության ընթացքում կողմերը շատ ավելի լավ են հասկանում նաև մեկը մյուսի մտահոգությունները, նաև մեկը մյուսի մտադրությունները և առհասարակ պատկերացումները։ Սա ասում եմ ցույց տալու համար, որ բացի նշածս երկու հոդվածից մի քանի հոդվածով էլ կարծում եմ, և հուսով եմ սա միայն իմ գնահատականը չէ, համենայն դեպս ինձ այդպես հավաստիացրել են մյուս կողմերը ևս, հավանականություն կա գալ համաձայնության։ Անշուշտ, կան հոդվածներ և կան թեմաներ, որտեղ դեռ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, և սրանք հասկանալիորեն այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին, բայց այս ուղղությամբ ևս բավականին արդյունավետ քննարկում է եղել։ Հայաստանի համար սկզբունքային է, ինչպես և նախկինում, կարծեմ նաև հրապարակավ ինքս էլ ասել եմ, որոշակիություն ունենալ և սահմանել սահմանազատման գործընթացի համար։ 

 

Դուք նշեցիք նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։ Իսկապես, շատերի գնահատմամբ սա այն հարցն է, որտեղ կողմերը ամենամոտն են վերջնական կարգավորման։ Իմ դիրքորոշումը, մեր դիրքորոշումը չի փոխվել: Քիչ առաջ, բառացիորեն րոպեներ առաջ ես ինքս կրկին, մեծ հաշվով, բարձրաձայնեցի այդ դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք, և ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, և մենք պատկերացնում ենք, իհարկե, որ այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Ուզում եմ նորից շեշտել, մենք շահագրգիռ ենք այս կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, և ինքներս կարծում ենք, որ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այս ենթադրաբար ապաշրջափակվող ենթակառուցվածքները ոչ միայն երկկողմ, այլև միջազգային մեծ գրավչություն ունենան։ Գիտեք, այս օրերին, աշխարհն այսպես վերանայում, վերագործարկում կամ զրոյից հաստատում է զանազան լոգիստիկ կոմունիկացիոն նախագծեր, և ահա Հայաստանը հետաքրքրված է լինել այսպիսի նախագծերի մասը։ Այլ հարցեր էլ կան, որտեղ, ըստ էության, ողջ սպեկտրով քննարկումները շարունակվում են։ Մեծ հաշվով ներկայացրեցի, թե որ ուղղությամբ ուր ենք հասել։ Շնորհակալ եմ։