Հետևեք մեզ։

Եթե Գյումրիում երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների․ «Հրապարակ»

10:25, 08 ապրիլ 2025
Եթե Գյումրիում երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետ են ընտրելու` 2 թեկնածու է առաջադրվելու. Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը և ՔՊ-ից` Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։ ՔՊ-ն թեև չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը ևս առաջադրվելու է։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Եթե որևէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության 2-րդ փուլ կլինի:

Հիշեցնենք. ՔՊ-ն ունի 14 մանդատ, Կոմկուսը՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը»՝ 6, Ռուբեն Մխիթարյանի  «Իմ հզոր համայնքը»՝ 3, Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։ ՔՊ-ի հույսն այն է, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն արդյունք կտան, և ոմանք չեն քվեարկի։ Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա 17 ձայն, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ` ղեկավար կընտրվի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների։

Քաղաքապետի ընտրությունը բաց քվեարկությամբ է՝ անհատական քվեաթերթիկներով, որոնց վրա ընտրողի անուն-ազգանունն է նշվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական