33 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության ջարդեր։ Դա Արցախյան պատերազմի ողջ ընթացքում հայկական կողմի համար ամենից ողբերգական շրջանն էր։
Ապրիլի 10-ի լուսադեմին ադրբեջանական զինուժ տևական հրետակոծությունից հետո գրավեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը և կոտորածի ենթարկեց մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների:
Շուրջ 4000 բնակիչ ունեցող գյուղը այսօր էլ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ այն մարաղացիները, ովքեր չհեռացան Հայաստան, Ռուսաստան կամ այլ երկիր, վերաբնակվեցին Աղդամի շրջանի Կըզըլ Քենգերլի գյուղում՝ այն վերանվանելով Նոր Մարաղա:
Տարբեր տվյալներով՝ Մարաղայում ջարդերի արդյունքում սպանվեց առնվազն 50 անձ, մի քանի տասնյակ բնակիչ էլ գերեվարվեց, որոնցից 19-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։
Արցախի ՄԻՊ-ի վերլուծության համաձայն՝ Մարաղայում կատարվածն ամբողջովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը։ Իսկ 2020թ. պատերազմը հետևանքն էր այդ անպատժելիության։ Ադրբեջանը ոչ միայն չդատապարտվեց Մարաղայում ու Արցախի այլ վայրերերում իրականացրած հայկական ջարդերի համար, այլև կոտորածից հետո մարտական գործողություններ իրականացրած «Գուրթուլուշ» ջոկատի հրամանատար Շահին Թաղիևին շնորհվեց «ազգային հերոսի» կոչում, իսկ գործողություններին մասնակից ադրբեջանցի շատ զինվորականներ ստացան պետական պարգևներ։ Հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի պետական քաղաքականությունն էլ հիմք հանդիսացավ 2004 թ․-ին Ռամիլ Սաֆարովի, 2016 թ․-ին` Ապրիլյան պատերազմի և 2020 թ․-ին` Արցախյան պատերազմի ռազմական հանցագործների համար։