«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, քննարկել եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Մասնակցել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հանդիպման մասին ընդամենը հաղորդեց, թե Լավրովը ներկաների ուշադրությունն է հրավիրել «ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա՝ ուղղված Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին Մերձավոր Արևելքում, ինչպես նաև՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող վտանգներին»։
Մինչդեռ տեղեկություն ունենք, որ Լավրովը բավականին կոշտ զգուշացրել է, թե շուտով զբաղվելու են տարածաշրջանային այն երկրներով, որոնք, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, Արևմուտքի ազդեցության գոտին են ընդլայնել՝ ի հակակշիռ Ռուսաստանի։ Մասնավորապես, հատուկ շեշտել է Հայաստանը։ Ուշագրավ է, որ այդ հանդիպման մասին մինչ օրս ՀՀ դեսպանության կայքում չկա տեղեկատվություն։ Մեզ ասացին նաև, որ, չնայած սրան, Լավրովը բավական ջերմ հարաբերություններ ունի Արսենյանի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։