Հետևեք մեզ։

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել Փաշինյանի հայտարարություններն Արցախի վերաբերյալ

12:52, 23 մայիս 2023
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել  Փաշինյանի հայտարարություններն Արցախի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շահերին և պահանջում են Ազգային ժողովում համապատասխան քննարկումներ և գնահատականների հնչեցում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը և տեղեկացրեց, որ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել նախօրեին տեղի ունեցած ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններնԱրցախի վերաբերյալ և դրանց գնահատական տալ։ Ալեն Սիմոնյանն էլ ընդդիմությանը պատասխանել է՝ լսումների նախաձեռնությունը ներկայացնել, իրենք էլ հետագայում կքննարկեն:

 

Արծվիկ Մինասյանը նշեց՝ պրակտիկան ցույց է տվել, որ մեծամասնությունը մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց․«Եթե Ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները»,-ասաց Սիմոնյանը:

 

Արծվիկ Մինասյանն ասաց, որ առնվազն տարօրինակ է, որ ԱԺ-ն օրակարգում չի կարողանում ներառել հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցերի քննարկումը։

 

«Հայաստան» խմբակցությունը լիակատար սատարումն է հայտնում Արցախի ժողովրդին և Արցախի խորհրդարանի հայտարարությանը։ Գերագույն խորհուրդը 1992 թ հուլիսի 8-ին կայացնում է որոշում. ՀՀ-ն կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հետևողականորեն սատար կկանգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի համար անընդունելի կհամարվի միջազգային և ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Մինասյանը: