ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոմցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարուցված քրեական գործով նախնական դաատալսման ժամանակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը դատարանին միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, որն է երկրից բացակայելու արգելքը:
Որպես հիմնավորում՝ պաշտպանը նշեց այն, որ Սեդրակ Առուստամյանը այս ընթացքում ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտել նախաքննությանը, չի փորձել դիմել փախուստի, պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում մեկնել գործուղումների և արգելքի պատճառով չի կարողանում, ինչը ազդում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի գործունեության վրա: Բացի այդ, ըստ պաշտպանի, նախաքննական մարմնի միջնորդության հիմնավորման մեջ նշված է փախուստի հավանականությունը, ինչը, ըստ պաշտպան Հովիկ Սուքիասյանի, իր պաշտպանյալի դեպքում բացակայում է:
Մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ` պնդելով, որ խափանման միջոցի կիրառումը շարունակում է մնալ անհրաժեշտ:
Դատավոր Արամ Գրիգորյանը լսեց կողմերին և որոշում կայացրեց մերժել Սեդրակ Առուստամյանի պաշտպանի միջնորդությունը, այսինքն` Առուստամյանի նկատմամբ կշարունակի պահպանվել երկրից բացակայելու արգելքը` որպես խափանման միջոց: