Հետևեք մեզ։

Դուք հո ֆեյշն շոուի մասնակիցներ չե՞ք, որ անձայն տեսահոլովակներ եք միայն տարածում, ինչու՞ է փակ «կրթվելու» հանդիպումները. «Հրապարակ»

09:25, 12 ապրիլ 2025
Դուք հո ֆեյշն շոուի մասնակիցներ չե՞ք, որ անձայն տեսահոլովակներ եք միայն տարածում, ինչու՞ է փակ «կրթվելու» հանդիպումները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է

 

«Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են «Կրթվելը նորաձեւ է» անվանումով հանդիպումները փակ արվում: Ինչո՞ւ լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ներկա լինել այդ հանդիպումներին, լսել, թե ինչ է խոսում իշխանական զույգը, ինչ ելույթներ են ունենում, նրանց ինչ հարցեր են տալիս: Բա նախկին լրագրողներ լինեք, մինչեւ իշխանության գալը հարյուրավոր ելույթներ ունենաք` դատապարտեք իշխանություններին ոչ թափանցիկության, փակ դռների ետեւում` հասարակության աչքից հեռու թաքուն քայլեր անելու արատավոր քաղաքականության համար, հետո գաք իշխանության ու նո՞ւյնն անեք:


Եթե այդ հանդիպումների ժամանակ խոսում են կրթվելուց, գիտելիքից, գիրք կարդալուց, «իրական Հայաստանից», ինչո՞ւ են դա գաղտնի անում, փոխանակ Հանրային հեռուստատեսության կամերաները դնեն ու Հայաստանով մեկ հեռարձակեն, որ մարդիկ տեսնեն ու լսեն, որ սովորելը լավ բան է, որ երկրի առաջին դեմքերը միայն մեր լավն են ուզում: Որ մարդիկ համոզվեն, որ այդ փակ հանդիպումները ոչ թե մարդկանց ուղեղները լվանալու միջոցառումներ են, ոչ թե նախընտրական քարոզարշավի մաս են, ոչ թե մարդկանց զոմբիացնելու եւ թրքամետ քարոզ իրականացնելու համար են, այլ Հայաստանի ճակատագրով մտահոգ, Հայաստանն ու հայ ժողովրդին սիրող, հայ հանրության մասին հոգ տանող մարդկանց զրույց` իրենց քաղաքացիների հետ: Որ մարդիկ պարզեն, թե ինչ է ուզում ասել Աննա Հակոբյանը, երբ Վանո Սիրադեղյանից, Հրանտ Մաթեւոսյանից, Մովսես Խորենացուց ու Հովհաննես Թումանյանից ընտրովի հատվածներ է ընթերցում: Համոզվեն, որ դրանք ճիշտ են մեջբերվում, կոնտեքստից կտրված չեն, եւ հեղինակների ասածը խեղաթյուրված ու ըստ իրենց հայեցողության չի ներկայացվում: Դուք հո ֆեյշն շոուի մասնակիցներ չե՞ք, որ անձայն տեսահոլովակներ եք միայն տարածում»:

Վերլուծական