ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեմ է եղել անկլավները Ադրբեջանին հանձնելուն վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստում առկա դրույթին։ Տիրան Խաչատրյանն այդ մասին ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Նույն պահին ես մի քիչ էլ ապշահար ու զայրացած ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելը կամ ընդհանրապես այդ տարածքներից դուրս գալը ի՞նչ կապ ունի։ Որոշակի քննարկում է եղել, որից հետո անձամբ խոսել եմ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Իմ հետ հեռախոսազրույցի ընթացքում նա խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, որ գոնե այդ անկլավների մասը փաստաթղթից հանվի»,- ընդգծել է Խաչատրյանը։
Նա նշել է, որ չգիտի, թե Փաշինյանն ում հետ ինչ է համաձայնեցրել, բայց անձամբ ինքը, տեսնելով հայտարարության տեքստում անկլավների մասին կետը, կարծիք է հայտնել անգամ այն տարածքների վերաբերյալ, որտեղից պետք է հեռանային հայկական զորքերը։
Խաչատրյանը բացատրել է, որ այդ առաջարկներն այդ պահին թղթի վրա չեն արձանագրվել, քանի որ իրավիճակը շատ արագ էր զարգանում։ Հետագայում, իհարկե, այդ ամենը փաստաթղթավորվել է։ Բայց ի սկզբանե առաջարկը բանավոր ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին։