Այսօր՝ ապրիլի 12-ին ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները տեղում պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված նրբանցքի շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է սարքած պայթուցիկի:
ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները վնասազերծել են կասկածելի իրը: Պլաստմասսե շշի մեջ եղել է բենզին, մեծ քանակի մեխեր, և առանձին միացված ցելոֆանե զանգված, որի մեջ առկա է եղել բրոնզանման նյութ: Սակրավորները այն տեղափոխել են անվտանգ վայր:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ 47-ամյա տղամարդուն: