Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին

14:10, 23 մայիս 2023
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին
 
Վարչապետը ողջունել է պարոն Դոքերթիի այցը Հայաստան և կարևորել Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ:
 
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ:
 
Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցությանը, արևային էներգետիկայի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկա բրիտանացի ներդրողների ներգրավմամբ:
 
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը: Վարչապետը նշել է, որ ոչ միայն միջանցքը շրջափակելու, այլ նաև ԼՂ ժողովրդին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից զրկելու Ադրբեջանի քաղաքականության նպատակն է էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: