Արցախցի մարզիչը հովանավոր է փնտրում՝ զոհվածների երեխաների հետ մարզումներ կամզակերպելու համար․ այս մասին հայտնում է «Բերդ Թերթի» ֆեյսբուքյան էջը․
«Օրերս Երևանի Ազատության հրապարակում ծանոթացա արցախցի մի երիտասարդի հետ, ով, տեղեկանալով, որ Ասկերանի «Բերդ Թերթ» ֆեյսբուքյան էջի հիմնադիրն ու համակարգողն եմ, խնդրեց՝ իր անունից հայտարարությամբ հանդես գալ, որն ավելի շատ խնդրանքի է նման։
Արցախցի երիտասարդը խառը մենամարտերի (MMA) մարզիչ է՝ Ստեփանակերտ քաղաքից։ Նա նպատակ ունի հովանավոր գտնել, ով ֆինանսապես կաջակցի Երևանում խառը մենամարտերի խումբ կազմավորել, որի մեջ կընդգրկվեն զոհվածների երեխաները։
«Արցախում խառը մենամարտերի ֆեդերացիայի մարզիկները միշտ էլ հաջողություններ էին արձանագրում։ Անգամ համավարակի, 2020-ի 44-օրյա պատերազմի և հետպատերազմական ժամանակաընթացքում, երբ պարապմունքները երկար ժամանակ դադար էին առել, արցախցի մարզիկները կարողացել են կրկին ապացուցել, որ ոչինչ խոչընդոտ չէ հաջողությունների հասնելու համար: Շրջափակման դժվարին ժամանակներում երեխաներն ու մարզիչները շարունակել են իրենց պայքարը սպորտի ոլորտում՝ չդադարեցնելով պարապմունքները։
Արցախի տեղահանությունից հետո կորցրել ենք մեր մարզիկների հետ պարապմունքներ անցկացնելու հնարավորությունը, ինչի կարիքը շատ է զգացվում։ Ցավոք, բոլորս սփռվել ենք տարբեր բնակավայրերում։ Իմ ցանկությունն է, որ հովանավոր գտնվի, ով ֆինանսապես կաջակցի Երևանում խառը մենամարտերի ակումբ բացելու։ Ես նպատակ ունեմ մարզումներ անցկացնել զոհվածների երեխաների հետ։ Սպորտը մարդկանց կարող է միավորել նույնիսկ ամենադժվար հանգամանքներում: Նպատակ ունեմ նաև այդկերպ պահպանել Արցախյան բարբառը։ Մեր երեխաները հնարավորություն կունենան շփվել իրար հետ, խոսել մեր բարբառով ու պահպանել հիշողություններն Արցախի մասին։ Միաժամանակ երազանք ունեմ՝ ստեղծել արցախցի աղջիկների խումբ, ովքեր, խառը մենամարտերի մարզաձևում հաջողությունների հասնելով, բարձր կպահեն Արցախի անունը»,-ասում է արցախցի մարզիչը։
Խնդրում ենք արձագանքեն ֆինանսապես ապահով, կարող ու կամեցող մարդիկ․․․
Բարի գործ կամեցողները կարող են դիմել «Բերդ Թերթ» ֆեյսբուքյան էջին և մեր միջոցով կապվել մարզչի հետ․․․»,-ասվում է հայտարարության մեջ։