Լոռու մարզում, մայիսի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 14։50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոնքի շրջանի և ծնկան շրջանի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 41-ամյա Արայիկ Սարկիսյանն է։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում Սայաթ Նովայի անվան զբոսայգում գտնվող հայտնի «Վենեցիա» սրճարանի տնօրեն, հիվանդանոց տեղափոխված Ա․ Սարկիսյանը վիճաբանել է Վանաձոր քաղաքի բնակիչներ, եղբայրներ 27-ամյա Դավիթ Ղամբարյանի և 19-ամյա Գոռ Ղամբարյանի հետ։ Դրանից հետո Ա․ Սարկիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Վիճաբանության հիմնական մեղավորը եղել է սրճարանի տնօրենը, ով Վանաձորում հայտնի է նաև «Վայֆայի Արո» մականվամբ։ Սրճարանի տարածքում նա ու մի քանի հոգի հայհոյանքներ են հնչեցրել։ Եվ Դ․ Ղամբարյանը խնդրել է նրանց, որպեսզի դադարեցնեն հայհոյանքներ տալը, քանի որ սրճարանում մարդիկ կան։
Գալով սրճարան, Գ․ Ղամբարյանը տեսնում է այդ ամենը և փորձում միջամտել վիճաբանությանը, սակայն Ա․ Սարկիսյանը շարունակում է հարվածներ հասցնել Ղամբարյան եղբայրներին։ Այդ ժամանակ եղբայրներից մեկը դանակով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցնում Ա․ Սարկիսյանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։