Հետևեք մեզ։

Հիմա մեր խնդիրն է նոր թափով, նոր ուժով ՀՀ քաղաքացիներին պատրաստել անհնազանդության, դուրս գալ և կանխել այս իրավիճակը․ Իշխան Սաղաթելյան

16:01, 23 մայիս 2023
Հիմա մեր խնդիրն է նոր թափով, նոր ուժով ՀՀ քաղաքացիներին պատրաստել անհնազանդության, դուրս գալ և կանխել այս իրավիճակը․ Իշխան Սաղաթելյան

Այն, ինչ երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, առնվազն մեզ համար անակնկալ չէր։ Եթե հիշում եք, վերջին երեք տարիներին, անցած տարի հենց այս օրերին այս վտանգները, այն, ինչ երեկ ինքը բացահայտ ասաց, դրա մասին խոսել ենք, բարձրաձայնել ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

 

Այնուհետև նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին, ըստ էության, հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզն ու ժամանակցույցը։

 

«Ինձ թվում է՝ ամսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ նոր հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կախպիտուլյացիայի պայմանագրի նոր սկզբունքների շուրջ, հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև՝ վավերացնել։ Այսինքն, ըստ էության, հայ ժողովուրդը, ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, մտահոգ քաղաքացիներն ունեն ընդամենը 5-6 ամիս ժամանակ՝ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար»,-ասաց Սաղաթելյանը։

 

Հարցին՝ ընդդիմությունն ի՞նչ է պատրաստվում անել, քանզի միայն հայտարարություններով ոչինչ չի փոխվում, Սաղաթելյանն ասաց «Մենք այն քաղաքական ուժն ենք, որ հայտարարություններից բացի վերջին երեք տարիների ընթացքում շատ կոնկրետ քայլեր և գործողություներ արել ենք, և հիմա էլ մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ այս իրավիճակի հետ մենք չենք համակերպվելու, չենք հանձնվելու, պայքարելու ենք մինչև վերջին շունչ, և այն բոլոր խոսակցությունները, որ ընդդիմությունը հեռացել է իր օրակարգից, պայքարը դադարել է, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու»։

 

Սաղաթելյանի կարծիքով՝ անցած տարի այն, ինչ արել են, դա կանխել է, հետաձգել է այս գործընթացը։

 

«Հիմա մեր խնդիրն է նոր թափով, նոր ուժով Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն, մարդկանց՝  ՀՀ քաղաքացիներին պատրաստել անհնազանդության, լայն համաժողովրդական անհնազանդության, դուրս գալ և կանխել այս իրավիճակը։ Ընդդիմության գլխավոր խնդիրը շարունակում է մնալ դա»,-ասաց Սաղաթելյանը։