Հետևեք մեզ։

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ

13:10, 15 ապրիլ 2025
ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ

Հայաստանն Ադրբեջանին պաշտոնապես  առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ:  

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: 

 

Վարչապետն արձանագրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցություններն՝ ավարտված: «Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ: Եվ հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ»,-ասաց վարչապետը:

 

Նա նշեց, որ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ: Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է:  

 

«Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի համար: Եթե մենք փակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը: Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ: Եվ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ: Փարատելու համար այս մտահոգությունը՝ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: Այսինքն՝ սեղանին դնել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում նույն պահին ստորագրել թե՛ առաջինը, թե՛ երկրորդը: Սա պաշտոնական առաջարկ է»,-ասաց Փաշինյանը:

 

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում Ադրբեջանի առաջ քաշած հաջորդ նախապայմանը կեղծ պնդումն է, թե իբր Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ  ու պետք է փոխվի:

 

 

Վերլուծական