Այս իշխանությունների դեմ ցանկացած գործողություն լեգիտիմ է, որովհետև իրենք լեգիտիմ չեն, իրենք չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Հետևաբար, ցանկացած գործողություն այս իշխանություններից ազատվելու և երկիրը փրկելու, լեգիտիմ է, դա կլինի անհնազանդություն, կլինի ապստամբություն։
Այս մաիսն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հեռացման մեթոդներին։
«Գիտե՞ք՝ ինչ կա, այս իշխանությունը ընտրության այլ հնարավորություն չի թողնում, այլ տարբերակ չի առաջարկում՝ կա՛մ պետք է հանձնվել, կա՛մ պետք է պայքարել հայրենիքի համար։ Իսկ հայրենիքի համար պայքարելու բոլոր մեթոդներն արդարացված են»,-ասաց Սաղաթելյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է նորից նախկին նախագահների հանդիպում նախաձեռնի ինքը, ինչպես արել էր «Դիմադրության» շարժման օրերին, Սաղաթելյանն ասաց․ «Չեմ բացառում և գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը ևս կա։ Սա վաղուց կուսակցական և պարզ քաղաքական խնդիր չէ, սա համազգային խնդիր է, և բոլոր առողջ ուժերը, կարողություն ունեցող մարդիկ պետք է միավորվեն»։