Իրանի որոշ նահանգներում ավազային փոթորիկների և օդի աղտոտվածության պատճառով փակվել են պետական գրասենյակները, բանկերը և կրթական հաստատությունները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Ըստ տեղեկությունների՝ ավազի փոթորիկները և օդի աղտոտվածությունը բացասաբար են ազդել երկրի հարավ-արևմտյան մասի որոշ նահանգների կյանքի վրա: Օդում փոշու բարձր մակարդակի և դրա հետևանքով օդի աղտոտվածության պատճառով փակվել են պաշտոնական գրասենյակները, բանկերը և բոլոր մակարդակների կրթական հաստատությունները Լորեստան, Քերմանշահ, Կոհգիլուե-Բոյեր Ահմադ և Բուշեր նահանգներում։
Զեկուցվել է, որ այս մարզերում դասերը շարունակվելու են առցանց։
Խուզեստան նահանգում, որը սահմանակից է Իրաքին և Պարսից ծոցի երկրներին, ավազային փոթորիկի պատճառով թռիչքների խափանումներ են եղել, իսկ Ահվազ քաղաքում երեք չվերթ հետաձգվել է։ Ընդգծվել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 8 չվերթ հետաձգվել է մինչև հետագա ծանուցում։
Նշվել է, որ 22 նահանգներում, այդ թվում՝ Թեհրանում, սպասվում է ամպրոպ եւ հորդառատ անձրեւ։
Աղտոտված օդի պատճառով արձակուրդ են հայտարարել նաև Զանջանի և Համադանի նահանգների դպրոցները։
Նշենք, որ Ծոցի երկրներում, այդ թվում՝ Քուվեյթում, Քաթարում, Բահրեյնում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում ուժգին ավազային փոթորիկ է նկատվում։ Իրաքում ավազի փոթորիկը մոտ 3000 մարդու մոտ շնչառական խնդիրներ է առաջացրել։