Հետևեք մեզ։

«Վարդանիկը հայտարարեց՝ կողմ է, որ Հայաստանը դառնա Միութենական պետության մաս․ դա Դաշնակցության 004 շրջաբերականի իրագործումն է»․ Ռուբեն Ռուբինյան

12:30, 16 ապրիլ 2025
«Վարդանիկը հայտարարեց՝ կողմ է, որ Հայաստանը դառնա Միութենական պետության մաս․ դա Դաշնակցության 004 շրջաբերականի իրագործումն է»․ Ռուբեն Ռուբինյան

Դաշնակցությունը Հայաստանում գործող միակ ուժն է, որը կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտթուրքերի հետ: Բայց այսքանով չի ավարտվում Դաշնակցության էպոպեան: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր գործընկերներին:

 

«Ես պարզապես զարմանում եմ՝ ոնց են մեր դաշնակցական գործընկերները այդքան հանդգնություն ունենում գալ, այս ամբիոնի մոտից խոսել պետական շահից, անկախությունից, Հայաստանի Հանրապետությունից: Եկեք վերհիշենք՝ այս ուժն ինչի մասին է ընդհանրապես:

 

Ախր դուք կոալիցիայի մեջ եք եղել երիտթուրքերի հետ, համագործակցել սուլթանի հետ, համագործակցել հնչակյանների, կոմունիստների, հանրապետականների հետ: ՔՊ-ի հետ էլ փորձում էիք համագործակցել, բայց կեսից որոշեցիք, որ մենք ձեր ավանդական կոալիցիոն գործընկերների պես չենք, որոշեցիք գնալ ձեր ճանապարհով: Դուք բոլորի հետ կհամագործակցեք, խնդիր չունեք դա անելու»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով նրանց:

 

Նա հիշեցրեց՝ երբ Հայաստանը անկախանում էր, Դաշնակցությունը դեմ է եղել Հայաստանի անկախացմանը, ընդգծեց՝ դա փաստագրված է: 

 

«Ու դուք էսքանից հետո եկել պետություն ու անկախություն եք պաշտպանում: Բայց սա դեռ ամենը չէ, 2022-ին Դաշնակցությունը ծնում է իր հանրահայտ 004 շրջաբերականը:

 

2023 թվականին Դաշնակցությունը Քոչարյանով, Սերժ Սարգսյանով իշխանափոխություն են իրականացնում ԼՂ-ում, ու դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվում է, էթնիկ զտում է տեղի ունենում»,- հիշեցրեց Ռուբինյանը: 

 

Ըստ նրա՝ պատահական չէ, որ դաշնակցական գործընկերները ավելի են փորձում ակտիվանալ, որովհետև նրանք, ըստ էության, փորձում են շարժվել 004 շրջաբերականի տրամաբանությամբ:

 

«Պատահական չէ, որ այսօր Գյումրիում իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրված կոմունիստ հավատացյալ Վարդանիկը (Վարդան Ղուկասյան - խմբ.) հայտարարեց, որ կողմ է, որ Հայաստանը Բելառուսի օրինակով դառնա Միութենական պետության մաս, ինչը, ի դեպ, Դաշնակցության 004 շրջաբերականի իրագործումն է»,- հավելեց Ռուբինյանը:

 

Պատասխանելով դահլիճից հնչող արձագանքներին՝ Ռուբինյանը հեգնանքով նկատեց. «Բա քաղաքական ուժը պետք է համագործակցի բոլորի հետ, պետք է երկիրն անկախանալու ժամանակ դեմ արտահայտվի անկախությանը, հետո բոլորին ասի՝ դուք դավաճաններ ու սրիկաներ եք: Դա պետք է անի քաղաքական ուժը: Արանքում էլ պետք է կոալիցվի Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց երբ Քոչարյանի թիկնազորը տա սպանի Դաշնակցության ներկայացուցչին, ձայն չհանի, պետք է թալանի ժամանակ կոալիցիայի մեջ լինի ու ծպտուն չհանի»:

 

Նա դաշնակցական գործընկերներին խնդրեց լինել ազնիվ ու հստակ տրված շրջաբերականը չքողարկել հայրենասիրության ներքո:

 

Ռուբինյանը վերջիններիս մեղադրեց, որ նրանց քաղաքական ուժը նպատակաուղղված աշխատում է Հայաստանի անկախության դեմ:

 

«Ձեր նպատակը Հայաստանի անկախության վերացումն է, ու դուք աշխատում եք այդ ուղղությամբ, բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ ձեզ մոտ այս անգամ չի հաջողվելու՝ ոչ ձեզ մոտ է հաջողվելու, ոչ ձեր՝ տարբեր տարիների կոալիցիոն գործընկերների մոտ»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահի տեղակալը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները