Մենք ասել էինք, որ փորձում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցեր, այդ թվում՝ ուղիղ խոսակցության, նրանց միջև միջազգային երաշխիքների, միջազգային մեխանիզմների ստեղծման ճանապարհով, այդ թվում՝ ջանքեր գործադրեցինք, ասենք, Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և իրենց ինքնալուծարման վերաբերյալ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգն այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք: Սա է եղել ԱԳՆ արձագանքը, և զարմանալիորեն ստացվեց ի՞նչ. սկսեցին ասել, որ մենք ենք հանել հարցը օրակարգից։ Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը. հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձեռք ե՞ն առնում: Այս հարցերի պատասխանը լրջորեն պետք է տրվի՞ վերջը, թե՞ չէ: Ինչքա՞ն կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով ասել՝ Ղարաբաղը հանձնեցին: Հիմա ասում են՝ Ղարաբաղը Հայաստանի կառավարությունը լուծարեց. լավ, այդքան կա՞րճ է հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- նշեց Միրզոյանը: