Հետևեք մեզ։

Ռազմական ակադեմիայում կան հագեցած ամբիոններ, այդ թվում՝ թուրքերենի․ ակադեմիան ավարտող սպաները ստանում են 3 սենյականոց բնակարան․ Արմեն Խաչատրյան

10:54, 17 ապրիլ 2025
Ռազմական ակադեմիայում կան հագեցած ամբիոններ, այդ թվում՝ թուրքերենի․ ակադեմիան ավարտող սպաները ստանում են 3 սենյականոց բնակարան․ Արմեն Խաչատրյան

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց վերջին տարիներին ռազմական կրթության ոլորտում արձանագրված փոփոխությունները։ 

 

«Արմենպրես» հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ընթացող Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում պատգամավորը նշեց, որ մինչև 2021-2022 թվականները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պայմանները խիստ անմխիթար էին։  

 

«Նույնիսկ ֆիզկուլտուրայի ամբիոն չկար, ներսում ամեն ինչ ավերված էր։ Ակադեմիան չուներ լիարժեք դասախոսական ամբիոններ։ Եղել է տարի, երբ ակադեմիայի դիմորդների թիվը ընդամենը 16 էր։ Այս պայմաններում մենք պատկերացնո՞ւմ էինք բանակ՝ առանց բազային կրթությամբ սպաների»,- ասաց պատգամավորը։

 

Նա ընդգծեց, որ 2022 թվականից ոլորտում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ։ Պետությունը կարևորվել է որակյալ զինվորական կադրերի պատրաստման գործընթացը, ինչի արդյունքում ռազմական ակադեմիան կարճ ժամանակում կարողացել է հայտնվել համաշխարհային առաջատար ռազմական կրթօջախների շարքում։

 

«Ակադեմիան ավարտող սպաները այժմ ստանում են երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում։ Սա աննախադեպ սոցիալական աջակցություն է»,-շեշտեց Խաչատրյանը։

 

Բացի բազային ռազմական կրթությունից՝ ակադեմիայում ներդրվել են նաև քաղաքացիական առարկաներ, որոնք համադրվում են Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի համալսարանի կրթական ծրագրերի հետ։ 

 

«Ունենք հագեցած ամբիոններ, այդ թվում՝ թուրքերենի։ Ակադեմիայում 7-8 տեսակի ֆիզիկական պատրաստության առարկաներ են դասավանդվում»,-ասաց պատգամավորը։

 

Խաչատրյանի խոսքով՝ ակադեմիայի սաները ոչ միայն լինելու են բանակի ապագա հրամանատարները, այլև զինվորական բարձր կրթությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ և կամային հատկանիշներով օժտված երիտասարդներ։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները