Եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում տեղի ունեցած 4 հոգու սպանության գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը։
Թելման Քալաշյանը մեղավոր է ճանաչվեց 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որոշումը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 17-ին։ Նիստը նախագահել է դատավոր Սուրեն Մնոյանը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը 2017-ի օգոստոսի 1-ին Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում ապօրինի ձեռք բերված հրազենով սպանել է 4 մարդու, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։ Այդպիսով՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։