Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է, որ ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։
«Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Քննարկեցինք թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանում իրականացնելու հնարավորությունները, հայկական արտադրանքը նոր շուկաներում ներկայացնելու հեռանկարները։
Ընդգծեցի, որ մեծապես կարևորում եմ սփյուռքահայ գործարարների մասնակցությունը երկրի զարգացման գործին, որոնք կարող են և ցանկություն ունեն օգտագործելու իրենց հնարավորությունները նոր գործարար կապեր ստեղծելու և հայկական արտադրանքը հանրահռչակելու գործում»,-գրել է Պապոյանը։