Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի մեխանիզմները բացառիկ կարևորություն ունեն ժողովրդավարության և իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման տեսանկյունից. ՄԻՊ

16:48, 18 ապրիլ 2025
ՄԱԿ-ի մեխանիզմները բացառիկ կարևորություն ունեն ժողովրդավարության և իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման տեսանկյունից. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմի աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպմանը:
 
Միջոցառումն անցկացվել է Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանն ընդառաջ: Ներկայացվել է զեկույցի նախագիծը, դրանում ընդգրկված թեմաները, կառուցվածքը և հիմնական ուղղությունները։ Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
 
 
Պաշտպանը չափազանց կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցությունը, բոլոր այն մեխանիզմները, որոնք ուղղված են կատարելագործելու մարդու իրավունքների պաշտպանության համակարգը.
 
«ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները բացառիկ կարևորություն ունեն ցանկացած երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման տեսանկյունից։ Մեր հաստատությունն այդ մեխանիզմների համատեքստում ակտիվ գործունեություն է իրականացնում, մասնավորապես, պարբերաբար ներկայացնում ենք այլընտրանքային զեկույցներ, վարում հաղորդակցություն՝ բարձրացնելով հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ»։
 
Իր խոսքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում առկա առանձին խնդիրների, խոսել դրանց շուտափույթ լուծման կարևորության մասին։
 
Պանելային քննարկման ձևաչափով միջոցառման շրջանակում տեղի է ունեցել մտքերի փոխանակում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի շուրջ։
 
ՀՊԴ 4-րդ շրջանի զեկույցն անդրադառնում է վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև այն խոչընդոտներին և մարտահրավերներին, որոնց բախվել է երկիրն իր կողմից մշակված քայլերը կամ ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու ընթացքում:

Վերլուծական