ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս ունի ուկրաինական կարգավորման վերաբերյալ հարցերի ավելի որոշակի պատասխաններ ստանալ հաջորդ շաբաթ Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ, սակայն եթե առաջընթաց չլինի, Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել այս հարցի հետապնդումը, քանի որ ուրիշ առաջնահերթություններ ունի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի միջնորդության ջանքերից առաջիկա օրերին, եթե չտեսնի հստակ նշաններ, որ նման համաձայնագրի հասնելը հնարավոր է։ Այդ մասին Ռուբիոն հայտարարել է Փարիզում ուկրաինական և եվրոպական պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններից հետո։
«Մենք դա ամիսներով չենք անելու։ Անհրաժեշտ է փորձել որքան հնարավոր է շուտ՝ առաջիկա օրերին, այլ ոչ թե առաջիկա շաբաթներին, հասկանալ, թե արդյոք կարելի է վերջ դնել հակամարտությանը,- նշել է Ռուբիոն ու հավելել.- մենք պատրաստ ենք մասնակցել աշխատանքներին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, բայց ոչ անորոշ ժամանակով ու առանց առաջընթացի»։
Ուկրաինայի հարցով բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ՝ Լոնդոնում, ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է։ Ռուբիոն նշել է, որ դեռ չգիտե, թե ովքեր կներգրավվեն դրանց, բայց պատրաստ է անձամբ մասնակցել, եթե կա հավանականություն, որ հանդիպումը արդյունավետ լինի։