Հետևեք մեզ։

Ամոթի մեջ փող չկա․ Խաչատուր Սուքիասյան-2019․ «Շնորհակալություն եմ հայտնում Արցախի սահմաններն անառիկ պահող զինվորներին, սպաներին և գեներալներին` Արցախ աշխարհն ու Հայաստանը հակառակորդից պաշտպանելու համար»

23:07, 18 ապրիլ 2025
Ամոթի մեջ փող չկա․ Խաչատուր Սուքիասյան-2019․  «Շնորհակալություն եմ հայտնում Արցախի սահմաններն անառիկ պահող զինվորներին, սպաներին և գեներալներին` Արցախ աշխարհն ու Հայաստանը հակառակորդից պաշտպանելու համար»

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կասկածի տակ է դնում արցախցիների կռվելը, չգիտեմ, կա՞ն նման ադրբեջանցիներ, օրինակ, թե՞ չկան։ Խաչատուր Սուքիասյանի համար հայրենիքը փող է, օրինակ, եթե կարող է Արցախից շահ ունենալ՝ քաղաքական, նյութական, ապա կասի՝ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, իսկ եթե մտածում է, որ պետք է Փաշինյանից ավելի «կաթոլիկ» լինել խորհրդարանական ընտրություններում նրա ցուցակում հայտնվելու համար, ապա պետք է ուրանալ նահատակների սխրանքն ու թափած արյունը։

Չե՞ք հավատում, հիշեցնեմ․ Խաչատուր Սուքիասյանը 2019-ի սեպտեմբերի 2-ին Արցախից լուսանկար էր հրապարակում և գրում․

«Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող բոլոր հայերին:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Արցախի սահմաններն անառիկ պահող մեր զինվորներին, սպաներին և գեներալներին: Շնորհավորելուց զատ, շնորհակալություն եմ հայտնում նրանց Արցախ աշխարհն ու Հայաստանը հակառակորդից պաշտպանելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի անկախության և պաշտպանության համար զոհված և անմահացած զինծառայող տղաների ընտանիքներին, նրանց զավակներին, հայրերին ու մայրերին:
Արցախն անկախ է թշնամուց, Արցախն անկախ է աշխարհից, բայց Արցախը Հայաստանի անբաժան մասն է, մեր օդն ու ջուրն է, մեր գոյության և զարգացման երաշխավորն ու վկան է:
Հիմա հերթը սերունդներինն է: Արցախն ավելի զարգացնելու, Արցախն ավելի հզորացնելու և Արցախն ավելի անառիկ դարձնելու համար:
Շնորհավոր բոլորիս»:
 
Սկզբունք, ասած խոսք, սեփական կարծիք, ամեն ինչ վերածեցին մանրադրամի, փոքրացրին, ինչպես հայրենիքը․․․
 
Խաչատուր Սուքիասյանին երգահան Լիլիթ Բլեյանն այսօր հռետորական հարց էր ուղղել՝ դուք երբևէ իսկական ցավ զգացե՞լ եք։
Երևի մեկ անգամ, Խաչատուր Սուքիասյանին ցավ պատճառող միակ բանը թղթադրամի տեսքով առարկայի կորուստն է։ Այլապես, բանականության մեջ չի տեղավորվում վեց տարի առաջ շնորհակալություն հայտնել սահմանն անառիկ պահող զինվորին, իսկ վեց տարի անց ուրանալ շիրիմները։
 
 
Շահ փնտրել լուսեղեն հոգիների հաշվի՞ն։ Բանականությունս դադարում է գործել, չհասկանալ որդեկորույս մորը, ամուսին կորցրած կնոջը, հայր կորցրած երեխային․․․ չհասկանալ մարդկանց, որոնք կորցրել են հարազատի շիրիմին արտասվելու իրավունքը։ Ամոթ է, չնայած իշխանությունը դա չունի, որովհետև ամոթի մեջ փող չկա։
 
 
 

Վերլուծական