Հետևեք մեզ։

Հայրս ամեն ինչ էր սովորեցնում, ապրել ու կյանքը սիրել էր սովորեցնում, նա իմ ամենաիսկական ընկերն էր․ Նազենի Հովհաննիսյան

11:27, 24 մայիս 2023
Հայրս ամեն ինչ էր սովորեցնում, ապրել ու կյանքը սիրել էր սովորեցնում, նա իմ ամենաիսկական ընկերն էր․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրառում է արել իր հայրիկի վերաբերյալ․
 
«Հայրերը։ Ո՞վ է պապայի աղջիկ
- Ե՜ս։
Աչքերը պինդ փակեք, գրկեք ու երբեք բաց մի թողեք ձեր սիրած մարդկանց:
Հավերժ թող մնա էդ պահը...
Իմ օրհնությունն էր Հայրս:
Ու ես չեմ ուզում հիշել նրա գնալու օրը, որն այսօր էր: Մի օր երևի մանրամասն պատմեմ...
Ես ուզում եմ հիշել իր կյանքի՛ օրերը:
Չէ որ...
...Սիրած մարդիկ ապրում են միշտ:
Սիրող Հոր հոգատարությունն ու սերը իր երեխաների մեջ է աճում՝ արարքներով ու հասարակությանն օգտակար մարդ լինելով:
Հայրս ռոմատիկ էր ... միշտ անսովոր ու շատ տարբեր: Էդ տարբերությամբ էլ իմ սրտում հավերժ կմնա՝ իմ Տղամարդը, Հայրս..
Սառն ու տաք ցնցուղից մինչև ատամների մաքրել, կաթնատամն ինքնուրույն հեռացնելուց մինչև շախմատ ու շաշկի խաղալը, ինքնապաշտպանությունից մինչև ասած խոսքի ու արած քայլի պատասխանատվություն ստանձնելը.
Ամեն ինչ էր սովորեցնում Հայրս, ապրել ու կյանքը սիրել էր սովորեցնում:
Նույնիսկ գործել, ասեղնագործել, 5 շյուղով բրդից նասկի գործել գիտեր ))) դեմք էր․
Իմ ճանաչած ամենաինքնաբավ մարդն էր:
Առանց «ավանդական մուննաթի» հայ էր Հայրս. գործող, տարբերվող, հողին կպած ու շատ գաղափարային, արիստոկրատ ու հասարակ՝ միևնույն ժամանակ:
Արծաթյա սպասքով ուտող, ու գյուղացուց առավել գիտակ՝ սիրով հողի հետ գործ անող:
Բացառիկ քիմիկոս ու աշխարհում ամենահետաքրքիր ու նրբազգաց զրուցընկերը:
Ինձ կներեք, որ խոսում եմ երբեմն Ծնողներիցս ու պատմում)...., բայց, երբ պատմում ես նրանց մասին՝ ուրեմն դեռ կան, ու տարածվում են մարդկանց սրտերով ու կյանքը ուրեմն շարունակվում է:
Հայրս իմ ամենաիսկական Ընկերն էր:
Տղամարդու որակի, զսպվածության, բայց և նրբազգաց և ուշադիր էությունն իմ Հոր շնորհիվ եմ հասկացել:
Թե ինչքան նուրբ են...որքան խոցելի, երբ խոսքը դուստրերի մասին է գնում:
Որքան միայնակ՝ հասարակությունների ու կարծրատիպերի դեմ, ու որքան զորեղ՝ աշխարհը փոխելու և իրենց արքայադուստրերի համար Հեքիաթ կերտելու գործում:
Իմ երախտագիտությունը բոլոր երանելի, բարի և ուժեղ Հայրերին, որոնց պորտալարը լրիվ ուրիշ ուժով է կապված դուստրերի հետ:
Իմ հավերժական, անսփոփ կարոտն ու Սերը՝ Հայրիկիս. Գառնիկ Հարությունի Հովհաննիսյան:
Ամենաիսկական գանձակցի, իսկական Հայ ու ինձ ճակատագրով տրված Լավագույն Հայրը՝ իմ կանաչաչյա ընկեր:
Հ.Գ. Լուսանկարը Սոֆին է արել, Օհանավանում, երբ դեռ նորոգ չէր մեր հողամասն ու տնակը, բայց նորոգ էր Մեր սիրտը...»։