Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր կտակում հաստատել է ոչ թե Վատիկանում, այլ Հռոմի Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկում հուղարկավորվելու իր ցանկությունը։ Նա կտակում նշել է, որ իր գերեզմանը պետք է լինի պարզ և առանց շքեղ հարդարանքի։
Ինչպես ասվում է Պապի կտակում, նա միշտ իր կյանքը, ինչպես նաև իր քահանայական և եպիսկոպոսական ծառայությունը վստահել է Աստվածամորը և կցանկանար, որ իր վերջին երկրային ճանապարհորդությունը ավարտվեր այս բազիլիկայում, որտեղ նա գալիս էր աղոթելու յուրաքանչյուր առաքելական այցելության սկզբում և ավարտին:
«Ես խնդրում եմ, որ իմ աճյունը հանգչի Սանտա Մարիա Մաջիորեի պապական բազիլիկում՝ սպասելով հարության օրվան»,- ասվում է փաստաթղթում։
«Գերեզմանը պետք է լինի պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի և միայն մեկ գրությամբ՝ Ֆրանցիսկոս»,- ասվում է կտակում, որը հրապարակել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Հանգուցյալը նախապես հոգացել է հուղարկավորության ծախսերը և տվել համապատասխան ցուցումներ։ Առաջիկա ծախսերի համար միջոցներն արդեն փոխանցվել են բազիլիկային։ Հռոմի պապի հուղարկավորության կարգը կարգավորվում է հատուկ եկեղեցական փաստաթղթով, որը թողարկել է Հովհաննես Պողոս II պապը։ Փաստաթղթի համաձայն՝ պոնտիֆիկոսի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա մահից հետո չորսից վեց օրվա ընթացքում։