Հետևեք մեզ։

Մենք պատրաստ ենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանը․ Վրաստանի ԱԳՆ

10:30, 22 ապրիլ 2025
Մենք պատրաստ ենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանը․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության համաձայնագիրը և հայտնել Վրաստանի պատրաստակամությունը ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին։ Այս մասին նախարարը խոսել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի մասնակցությամբ Թբիլիսիում կայացած ճեպազրույցում։

 

Բոչորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը հանձնառու է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:

 

Նա նաև ասել է, որ անցյալ շաբաթ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանում համագործակցության և զարգացման համար։

 

«Վրաստանը մեծ շահագրգռվածություն ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում: Հուսով եմ, որ այս շաբաթվա հանդիպումը տարածաշրջանի համար օգտակար արդյունքների կհանգեցնի։ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, հատկապես նախագծերի իրականացմանը, որոնք էլ ավելի են ամրապնդում մեր դերը և աջակցում են տնտեսական զարգացմանը»,- նշել է Բոչորիշվիլին։

 

Նախարարը նաև նշել է, որ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է տարածաշրջանային զարգացման համար և այս առումով բարձր է գնահատում Վրաստանի գործունեությունը ԵԱՀԿ շրջանակներում։

 

«Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել բոլոր գործընկերների հետ՝ տարածաշրջանում համագործակցությունը զարգացնելու և ավելի շատ հնարավորություններ ստեղծելու համար»,- հավելել է Բոչորիշվիլին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները