Որևէ լրատվականի համար ֆինանսական դժվարություններ առաջացնելու, սնանկացնելու նպատակ չունեմ, բայց ստի դեմ համապատասխան միջոցների դիմելու եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի դեմ դատական գործընթաց սկսելուն:
«Խոսքի ազատության իրավունքի տեսանկյունից սա շատ կարևոր գործընթաց է, մենք մաքրման փուլ պետք է անցնենք, հասկանանք՝ դաշտում աշխատող լրատվականները օբյեկտիվ, ճշմարիտ ինֆորմացիա են հասցնում, թե ոչ»,- ասաց նա:
Հարցին՝ինչո՞ւ միջնորդեց, որպեսզի վերացվի լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և ֆինանսական միջոցների վրա դրված արգելանքը, Ավինյանը պատասխանեց. «Դատական հայցը չեմ վերցրել, միայն լրագրողի գույքի սառեցման միջնորդությունն եմ հետ վերցրել, կարծում եմ, որ անհատի նկատմամբ մի փոքր չափից շատ էր ստացվել: Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունները կարդացի, ինքս իմ վերլուծությունն արեցի և կարծեցի, որ արդար կլինի էդպես»: