Ծիծեռնակաբերդում ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի զոհերի հիշատակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը` Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքում մեր հոգևորականների և մեր զավակների հետ աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը զորացնի մեր ժողովրդին` իր հոգու ցավն ու տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը և կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս` հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին»,– նշեց Ամենայն հայոց կաթողիկոսը։