Ես հայտնում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինայնի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում նաև խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումներին։ Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը բերելու է հարևան երկրի հետ խաղաղության, այդ թվում նաև՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե Արցախի ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում, Արսենյանն արձագանքեց, թե Հայաստանի պետական գործիչները մանդատ են ստացել Հայաստանի քաղաքացիներից, որպեսզի սպասարկեն Հայաստանի Հանրապետության պետական շահերը, իսկ այն անձինք, ովքեր կարծում են, որ որևէ այլ հարց կարող է ստորադասվել Հայաստանի Հանրապետության շահերին, հակապետական գործունեություն են իրականացնում։
«Այո՛, Արցախում ապրում են հայեր, բայց հայեր ապրում են նաև Ջավախքում, Գլենդելում, Ավստրալիայում»,- նշեց Արսենյանը։ Նա նաև նշեց՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմը՝ շատ ճիշտ է։ «Երբեմն պետական և ազգային շահերը կարող են տարբեր բաներ պահանջել, այդպիսի իրավիճակներում ճիշտը պետական շահը գերադասելն է։ Իսկ ինչ վերաբերվում է իմ ընկեր և բարեկամ Արայիկ Հարությունյանի քննադատություններին, ապա նա Արցախի օրինական ներկայացուցիչն է և հնչեցնում է իր կարծիքը, մենք որևէ մեկին չենք կարող սահմանափակել»,-ասաց իշխանական պատգամավորը։