Հետևեք մեզ։

Գյումրու 35-ամյա բնակիչը թքել է 50-ամյա տղամարդու դեմքին, նրան գցել է շան բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, ապա խողովակով սառը ջուրը 15-20 րոպե պահել է նրա վրա, որից հետո՝ կրակել․ ՔԿ

17:14, 24 մայիս 2023
Գյումրու 35-ամյա բնակիչը թքել է 50-ամյա տղամարդու դեմքին, նրան գցել է շան բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, ապա խողովակով սառը ջուրը 15-20 րոպե պահել է նրա վրա, որից հետո՝ կրակել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի մի շարք հանգամանքներ:

 

Մասնավորապես՝ 2023թ. մայիսի 20-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի հրազենային թափանցող վնասում, բարակ աղու բազմաթիվ վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի կողմնային մակերեսի ենթամաշկի կապտուկներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 50-ամյա բնակիչ։

 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ 50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

 

Նախնական տվյալներով՝ վերջինս շինարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել 35-ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում, շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վերջինս վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին:

 

Այնուհետև, շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք:

 

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը, ով փորձել է լքել հանրապետության տարծքը, 2023թ. մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է՝ սպանելու փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ, և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

 

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։

 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։

 

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հրազենի ձեռքբերման աղբյուրը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: