Չգիտեմ՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց ոչ մի բան էլ որոշված չէ։ Անկլավների թեման պիտի արձանագրեմ, որ քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց, սա շատ կարևոր է։ Օրինակ՝ 1999 թ․ տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ 4-րդ հոդվածը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկլավներին վերաբերող հարցին։
«Այս հարցը քաղաքական կողմ ունի և իրավական կողմ ունի։ Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը, որ կա Արծվաշեն, որը պատկանում է, պատկանել է Հայաստանին, և անկլավներ, որոնք հիմա Հայաստանի տարածքում են և պատկանել են Ադրբեջանին։ Այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք, և ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն դրանցից մի քանիսի հետ կապված»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս հարցը լուծելու երկու տարբերակ կա, տարբերակ մեկ՝ որը սահմանից այնկողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է՝ մնում է սահմանից այս կողմ գտնվող երկրի տարածքում։
«Կամ եթե կողմերից մեկը չի ուզում, սա էլ է հարց, օրինակ՝ պատկերացնո՞ւմ եք, մենք գնանք ասենք՝ Արծվաշենը չենք ուզում, էն մյուսները թող մնան մեր տարածքում։ Բայց էստեղ էլ իրավական հարցեր կան, նրբություններ կան, որոնք պարզ չեն, որովհետև, եթե գնալ, ասել՝ Արծվաշենը, օրինակ, չենք ուզում, կարող է պարզվի՝ ո՞նց, ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել ո՞վ կարող է։ Կամ էլ կարող է լուծում կա»,-ասաց նա։