Հետևեք մեզ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն՝ Ֆրանսիայի Կլամար քաղաքում

13:04, 26 ապրիլ 2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն՝ Ֆրանսիայի Կլամար քաղաքում
 
Ապրիլի 26-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, փարիզամերձ Կլամար քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն։
 
Միջոցառման մեկնարկին ելույթներով են հանդես Կլամարի քաղաքապետ Իվ Կոստասը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը։
 
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի՝ Կլամար քաղաքում գտնվող և նրանց հիշատակը հավերժացնող խաչքարի առջև ծաղկեպսակներ են զետեղել քաղաքապետ Իվ Կոստասը, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Բուլոյն-Բիլանկուրի պրեֆեկտի տեղակալ Բենուա Տրեվիսանին, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիայի, Կլամարի նախկին քաղաքապետ, ներկայումս՝ Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Դիդիե Բերժեյի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի անունից։
 
Միջոցառման ավարտին Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանի և Իսի-լե-Մուլինոյի հայ առաքելական եկեղեցու քահանա տեր Ավեդիս Բալեկյանի կողմից մատուցվել է ոգեկոչման աղոթք, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգները, ինչպես նաև՝ Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան...» կատարումը։
 
Միջոցառմանը մասնակցում էին նաև Կլամարի և հարակից քաղաքների քաղաքային խորհուրդների, Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամներ, Կլամարի բնակիչներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները