Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին։
«Մենք՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս եւ անհատ գործիչներս, ուշի-ուշով հետևելով Արցախի եւ ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Արցախի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի՝ Բրյուսելում, ՀՀ վարչապետի՝ Ռեյկյավիկում եւ սույն թվականի մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած մոտեցումները կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ՝ հայտարարված թվերով:
Մենք՝ ներքոստորագրյալներս, կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքներին, խախտում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթները, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները:
Թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում իր հավակնությունները Հայաստանի եւ տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ եւ չի բավարարվելու հայկական կողմի զիջումներով եւ անընդհատ պարտադրելու է նոր զիջումներ:
Հարգելի՛ պատգամավորներ, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել թույլ չտալու վարչապետի կողմից նախատեսված ազգակործան փաստաթղթի ստորագրումը եւ ձեռնարկել ՀՀ վարչապետի ու կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու գործընթաց:
Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում ենք սույն դիմումն ընթերցել առաջիկա ԱԺ լիագումար նիստին:
Հարգանքներով՝
1. Արտակ Գաբրիելյան - Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող
2. Ալեքսան Թորոյան – Ախալքալաքի հիվանդանոցի տնօրեն
3. Ստեփան Հակոբյան – «Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ
4. Դավիթ Ռստակյան - «Վիրք» կուսակցության նախագահ
5. Ազատ Շիպակցյան – Ջավախքի մտավորականների միության նախագահ
6. Михаил Коликиди - Союз греков Самцхе-Джавахети «Патрида»
7. Սամվել Պետրոսյան – «Շարժում հանուն արդարություն» կազմակերպության նախագահ»,- նշված է հայտարարությունում։