Բաքվի զինվորական դատարանում այսօր ևս շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց դեմ շինծու քրեական գործով «դատավարությունը»։
Այսօր դատարանում ցուցադրվել են տարբեր ժամանակներում Արցախում և Հայաստանում պատրաստված ռեպորտաժներ, կտրել քաղաքական և ռազմական ղեկավարների խոսքերը և դրանք ներկայացրել որպես այդ անձանց «խոստովանական ցուցմունքներ»։
Օրինակ՝ ցուցադրվել է Հայաստանի զինված ուժերի նախկին գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մասնակցությամբ ռեպորտաժ, որտեղ, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա ասում է, թե «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մասնակցել են Շուշիի օպերացիայի մշակմանը, նախապատրաստմանը և իրականացմանը»։
Մեկ այլ դեպքում ցուցադրվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա ասել է, թե «Շուշիի գործողության կարևորությունն այնքան մեծ էր, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը ներգրավված էր»։
Այս դատարանում տարօրինակ գործելաոճ են որդեգրել․ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքուն ՀՀ նախկին նախագահներին և այլ քաղաքական գործիչների, որոնք Բաքվում գերության մեջ չեն գտնվում, որոշների դեպքում՝ մահացած են, վերագրում է տարատեսակ մեղադրանքներ, ընտրել է այս տարբերակը՝ իբրև թե նրանցից «խոստովանական ցուցմունք ստանալու»։