Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։
Հարց- Իմ հարցն ուղղված է պարոն Փաշինյանին: Տարիներ առաջ մարդիկ փողոց էին դուրս եկել Երևանում: Հեղափոխություն, որը Ձեզ իշխանության բերեց։ Ես նույնպես այդ ժամանակ այնտեղ էի, փողոցում էի, մենք իրականում հակիրճ հանդիպեցինք և հարցազրույց անցկացրեցինք։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Հայաստանի վերահսկողության ներքո չէ, բայց Դուք շարունակում եք մնալ վարչապետ, դա տպավորիչ է։ Միևնույն ժամանակ Դուք, երբ շփվում եք Մոսկվայի հետ, այլևս ստիպված չեք զգուշավոր լինել Ձեր բառերի ընտրության մեջ։ Արդյոք պատրաստ եք միանգամայն դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց և ինչպե՞ս եք տեսնում ապագայում ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ հարցի համար: Ես կարծում եմ, որ ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ցանկացած հարաբերություններում և դիվանագիտության մեջ միշտ ճիշտ է ընտրել բառերը, որովհետև ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։
Եվ ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ՝ մեր հարաբերությունները հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա և մենք, եթե տեղյակ եք, որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ, և փորձում ենք գտնել և կառուցել ճիշտ բալանսներ մեր արտաքին քաղաքականության մեջ:
Դրա արտահայտություններից մեկը նաև Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքն էր` Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ, և ես ուզում եմ ասել, որ նաև վարչապետի հետ քննարկումների ժամանակ ես ընդգծեցի, որ այդ օրենքը մենք դիտարկում ենք որպես լրացուցիչ խթան մեր ժողովրդավարական բարեփոխումների համար, որովհետև այսպես թե այնպես, ժողովրդավարական բարեփոխումների ռազմավարություն ենք վարում, և շատ կարևոր է, որ այդ ռազմավարության մեջ ունենանք լրացուցիչ խթաններ, և այդ օրենքը լրացուցիչ խթաններից մեկն է:
Բայց մյուս կողմից ուզում եմ շատ հստակ լինել, որովհետև երբեմն նաև Հայաստանում արվում են մեկնաբանություններ, որոնք ճիշտ չեն արտահայտում, իմ կարծիքով, իրականությունը: Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք: Մենք ուզում ենք, ինչպես և տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ: Ավելին, մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի, Իսլամական Հանրապետության հետ, և իհարկե, մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ:
Եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար և գնահատվեր անիրատեսական ու անհնար։ Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն կա, և ես շնորհակալ եմ Եվրամիությանը, նաև շնորհակալ եմ Էստոնիային՝ այդ որոշմանն աջակցելու համար։
Հիմա մենք վիզաների ազատականացման բանակցություններ ենք սկսել, որը հույս ունենք տրամաբանական ժամկետներում կհանգի տրամաբանական ավարտի։ Նախորդ տարի Եվրամիությունը որոշում կայացրեց Հայաստանին աջակցություն տրամադրել Խաղաղության հիմնադրամի գործիքի շրջանակներում, ինչը կարծում եմ, ևս շատ կարևոր որոշում է: Իհարկե, շոշափելի իմաստով, առարկայական կամ նյութական իմաստով, այդ որոշումը բավականին խորհրդանշական է, բայց ունի ահռելի քաղաքական նշանակություն, և սա նաև մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր արդյունքներից մեկն է: Իհարկե, մենք հույս ունենք նաև Եվրամիության հետ խորացնել տնտեսական, առևտրային հարաբերությունները, որովհետև կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունն ավելի էֆեկտիվ և շոշափելի է դառնում, երբ ուղեկցվում է կոնկրետ տնտեսական արդյունքներով։