«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Մեգա թրեյդ» ընկերությունը ձեռք է բերել Սուրենավանի բիտումի գործարանը։ Գործարքը կայացել է անցած տարեվերջին, այժմ գործարանում աուդիտ է անցկացվում, պլանավորվում են վերազինման աշխատանքները, գրում է civilnet.am-ը։
Բիտումի գործարանը Սուրենավանում հիմնվել էր 2006-ին՝ «Աբիտ» ՍՊԸ-ի կողմից, որի համասեփականատերերից մեկը գործարար Միխայիլ Բաղդասարովն էր։ Տարիներ առաջ Բաղդասարովի բիզնեսների մասին անդրադարձում «Հետք»-ը ներկայացրել էր գործարանի բաժնետերերի պատմությունը։ Ըստ դրա՝ Կիպրոսում գրանցված երկու ընկերություններ Միխայիլ Բաղդասարովի «Միկա Արմենիա թրեյդինգ» ընկերության հետ հիմնել էին բիտումի գործարանը շահագործող «Աբիտ» ՍՊԸ-ն։ Հետագայում գործարանի փայատերերից էր դարձել «ԼԼ բիմբո» ընկերությունը, որի սեփականատերերն էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը։ 2015-ին «ԼԼ բիմբո»-ն այլևս «Աբիտ»-ի բաժնետեր չէր։ «Աբիտ»-ի իրավահաջորդ է դարձել Բաղդասարովի հիմնած «Բիտում մարկետ» ընկերությունը, որը հետո միավորվել էր մեկ այլ ընկերության հետ։ 2015-ին, երբ Բաղդասարովի բիզնես կայսրությունը փլուզվում էր, Սուրենավանի բիտումի գործարանը նա վաճառեց ռուսական «Ռոսնեֆտ»-ի դուստր ընկերություններից մեկին՝ «ՌՆ-Երևան»-ին։ «Արմինֆո»-ն գրել էր, որ Բաղդասարովն իր այս ակտիվը վաճառել է ռուսներին 40 միլիոն դոլարով, իսկ գործարանի հիմնման համար նրա կատարած ներդրումներն անցել էին 20 միլիոն դոլարը։
Ինչևէ, «ՌՆ-Երևան»-ին անցնելուց հետո գործարան էր այցելել Սերժ Սարգսյանը։ Ներկայացվել էր, որ ամբողջ ծավալով աշխատելու դեպքում կարող է տարեկան արտադրվել 43 000 տոննա բիտում, այդ մասշտաբներն էլ կբավարարեն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ճանապարհների ասֆալտապատման պահանջարկի մեծ մասը։
«Մեգա փրոդաքշն»-ը՝ բիտումի գործարանի նոր սեփականատեր
2022 թվականի վերջից բիտումի գործարանի նոր սեփականատեր է դարձել «Մեգա թրեյդ»-ը։ Այս ընկերությունն առավելապես հայտնի է որպես «Ռան օյլ» բենզալցակայանների ցանցի սեփականատեր, հաստատվել է նաև, որ «Մեգա թրեյդ»-ը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին։ Բիտումի գործարանի գնման գործարքը սակայն կատարվել է ոչ թե «Մեգա թրեյդ»-ի, այլ «Մեգա թրեյդ»-ին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մեգա փրոդաքշն-ի միջոցով։ Սա երևում է նաև «Մեգա փրոդաքշն»-ի գործունեության հասցեից, որը բիտումի գործարանի հասցեով է՝ Սուրենավան, Երևանյան խճուղի 8։
«Մեգա փրոդաքշն»-ը հիմնվել է 2021-ին։ Սկզբում ընկերության փայատերն է եղել կիպրական Porima Limited ընկերությունը, որ կապված էր վրաց-ռուսական Petrocas նավթային ընկերության հետ, դրա սեփականատերերն էին «Ռոսնեֆտ»-ն ու վրացի միլիարդատեր Դավիթ Յակոբաշվիլին։ Petrocas ընկերությունը նախատեսում էր Հայաստան բենզին ներկրել ու հիմնել բենզալցակայանների ցանց՝ «Միկա»-ի չգործող բենզալցակայանները ձեռք բերելու միջոցով։ Ըստ էության ընկերության այս ծրագրերը տապալվել են, քանի որ նոր բենզալցակայանների ցանցը 2023-ի մայիսի դրությամբ այդպես էլ չկա։
2022-ին Porima Limited-ը դուրս է գալիս «Մեգա փրոդաքշն»-ից ու ընկերության բաժնետեր է դառնում «Մեգա թրեյդ»-ը։
Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հաստատեց՝ բիտումի գործարանը գնել է «Մեգա թրեյդ»-ը. «Այդ ընկերությունը Խաչատուր Սուքիասյանի եղբայրներից մեկի ընկերությունն է։ Այժմ գործարանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, նաև աուդիտ է իրականացվում հասկանալու, թե ինչ ծավալի ներդրումներ են անհրաժեշտ»,- փոխանցեց Մկրտչյանը։
Սուրենավանցիները ևս հաստատեցին՝ գործարանում վերակառուցման աշխատանքներ են, նաև հայտնեցին, թե աշխատատեղեր են ավելանալու։ 2019-ից հետո, նրանց խոսքով, գործարանը գրեթե չի աշխատել։ Չնայած սեփականատերերի փոփոխությանը՝ գործարանի ճակատային մասում դեռևս «Ռոսնեֆտ»-ի ցուցանակն է։
Բիտումը ճանապարհաշինության մեջ օգտագործվող հիմնական նյութերից է։ Առհասարակ, ողջ աշխարհում բիտումի արտադրության հիմնական նպատակը ճանապարհաշինության մեջ այն օգտագործելն է։ Բիտումը կիրառվում է արդյունաբերական այլ ճյուղերում ևս՝ ավելի ցածր ծավալներով։ Տեղում բիտումի արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է ներկրել անհրաժեշտ հումքը՝ գուդրոնը։ Ճանապարհաշինության ոլորտի երկու տնտեսվարողներ «Սիվիլնեթ»-ին հայտնեցին, որ բիտումի 1 տոննան Հայաստանում հնարավոր է ձեռք բերել 480-520 դոլարով։ Նրանց հաշվարկներով՝ գործարանում ասֆալտի արտադրության ինքնարժեքի գնի գրեթե կեսը գոյանում է բիտումից, բացի այդ բիտումի որակը էական դեր ունի ասֆալտի դիմացկունության հարցում։
Ներկայում Հայաստանը բիտում հիմնականում ներմուծում է։ Դրա ծավալները վերջին տասը տարիների կտրվածքով էականորեն աճել են ու ունեն այս տեսքը (ըստ դասակարգման բիտումը ներկայացվում է որպես հանքաձյութային խառնուրդ).