Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ զգուշավոր լավատեսության հիմք են տալիս Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում կայացած Ադրբեջանի հետ հանդիպումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Միրզոյանը նշեց, որ հասկանալիորեն խաղաղության պայմանագրի նախագծում չկան անկարևոր հոդվածներ, բայց շատ պայմանական եթե խմբավորել և բաժանել հոդվածները՝ մի մասը կենսական հարցերին է վերաբերում, մյուս մասն ավելի լրացնող է, կամ գլխավոր պայմանավորվածություններից բխող ածանցյալ պայմանավորվածություններ են:
Նա նշեց, որ այդ երկրորդ խմբի մասով ավելի հեշտ է փոխհամաձայնության և փոխըմբռնման գալ:
«Մի քանի այդպիսի հոդվածների շուրջ հնարավոր եղել էր մինչվաշինգտոնյան բանակցություններում համաձայնության գալ: Վաշինգտոնյան բանակցություններում ևս երկու հոդված ավելացան այդ համաձայնեցված հոդվածների թվին: Մեծ հաշվով, վերջնականորեն ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Կա հոդվածների մի խումբ ևս, որտեղ տեսանելի են այդ փոխըմբռնումը և ընդհանուր հայտարարի գալը, և կա մի երրորդ խումբը, և, ցավոք, այս երրորդ խումբը ամենակենսական խնդիրներին է վերաբերում, այստեղ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց, բայց կարող եմ ասել, որ մինչ այսօր եղած վերջին երեք փուլ բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Այո՛, խոսքը Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում վերջին հանդիպումների մասին է, հուսամ նաև՝ հետագայում կշարունակվեն Մոսկվայում, Քիշնևում։
Նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի խորը, հանգամանալից, միմյանց հասկանալու մթնոլորտում քննարկումներ, ինչը, կրկնում եմ՝ ինձ զգուշավոր լավատեսության հիմք տալիս է»,- ասաց նախարարը: