Հետևեք մեզ։

ԱԳ նախարարի տեղակալը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը

11:16, 25 մայիս 2023
ԱԳ նախարարի տեղակալը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը

Մայիսի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը և ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները։

 

Նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերի ոտնահարմանը, այդ թվում, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին ընդունված որոշման կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը։ Այս համատեքստում նա կարևորել է Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական մարտահրավերների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածությունը և անարգել հումանիտար հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը:

 

Ընդգծելով Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման և հայրենադարձման հրամայականը՝ Վահե Գևորգյանն արժևորել է նաև ԿԽՄԿ գործունեությունը՝ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կատարումն ապահովելու ուղղությամբ: