Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ և չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց՝ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա այսօր Մինսկում։ Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Մայիսի 25-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը», - ասել էր նա։