Հետևեք մեզ։

500.000.000 դրամ հարկային պարտավորություն չի կատարվել․ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ»-ի ներկա և նախկին տնօրեններին, հաշվապահներին, սեփականատիրոջը մեղադրանքներ են ներկայացվել

11:47, 25 մայիս 2023
500.000.000 դրամ հարկային պարտավորություն չի կատարվել․ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ»-ի ներկա և նախկին տնօրեններին, հաշվապահներին, սեփականատիրոջը մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս-ն, հանդիսանալով շինանյութի մանրամեծածախ վաճառքով զբաղվող «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության գործադիր տնօրենը, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ.Ս.-ի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, 2016 թվականի ապրիլ ամսից 2023 թվականի փետրվար ամիսը ներառյալ, թաքցրել է «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։
 
 
Մասնավորապես, «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատակարարված ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար Ս.Ս.-ն ներգրավել է Վ.Ս-ին, ով վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է գործիքներ ու միջոցներ և վերացրել է խոչընդոտներ, այն է՝ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին և սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության և այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել է իր հաշվառման հասցեի նկուղում։ Հարկ է նշել, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել էին նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։
 
 
Այդ կերպ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ն, տիրապետելով ընկերության կողմից իրացված ապրանքների իրական շրջանառությանը, որը 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ կազմել է 7.613.869.637 ՀՀ դրամ, Վ.Ս.-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը և շահութահարկը չվճարելու նպատակով թաքցրել է ընկերության կողմից հիշյալ ժամանակահատվածում իրականացված հարկվող գործարքների մի մասը, նույն հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տվել 3.437.911.927 ՀՀ դրամ շրջանառություն՝ չհայտարարագրելով 4.175.957.710 ՀՀ դրամ շրջանառությունը, և 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թթ. շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։
 
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ «Ավամ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ընկերության նախկին տնօրեն Վ.Ա.-ի, գլխավոր հաշվապահներ Մ.Խ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։
 
 
Նախաքննության ընթացքում «Ավամ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Ս.Ս.-ն պետական բյուջե է վերականգնել շրջանառությունը թաքցնելու արդյունքում չվճարված գումարից 500.000.000 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները։
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։
 
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: