Ապրիլի 25-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան այցելեցին Բեռլինում և Ֆրանկֆուրտում գործունեություն ծավալող թուրք ու քուրդ մտավորականներ, որոնք պայքարում են Հայոց ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանությունների միջազգային ճանաչման ու դատապարտման համար։
Թուրք ու քուրդ մտավորականների պատվիրակության կազմում էին Ֆրանկֆուրտում 25 տարի և ավելի գործած Միություն ընդդեմ ցեղասպանության կազմակերպության անդամներ Սելայ Էրթեմը, Էրան Գյունդյուզը, Շվեյցարիայում բնակվող համշենահայ Ղուկաս Պապյանը, Բեռլինում թուրքական ցեղապաշտության դեմ պայքարող Նիհաթ Քենթելն ու իր տիկինը։
Թուրք և քուրդ մտավորականները ԲՊՀ Արևելյան լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ հանդիպում ունեցան համալսարանում թուրքերեն սովորող ուսանողների, Արևելյան լեզուների ամբիոնի վարիչ Քրիստինե Ռաֆայելովայի և թուրքերենի ու ադրբեջաներենի դասախոսական կազմի հետ։
Հանդիպման շրջանակում նրանք պատմեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ իրենց կազմակերպության գործունեության մասին և իրենց տպավորությունները ներկայացրին Հայաստանի և հայ հասարակության վերաբերյալ՝ հիացմունք հայտնելով հայ հանրության շրջանում ազգայնամոլական դիրքորոշման բացակայության փաստի հանդեպ։
Հանդիպման վերջում հյուրերը պատասխանեցին ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում նրանց հանդիպած բարդություններին, ցեղասպանությունների դատապարտման ուղղությամբ կատարված աշխատանքներին և այլ ուշագրավ թեմաներին: