Վրաստանի ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության և ֆինանսների նախարարության աշխատակիցները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր գործողությունների արդյունքում ձերբակալել են 1961 թվականին ծնված Իրանի քաղաքացի՝ Բ.Տ.-ին։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ պաշտոնական կայքը։ Փոթիում կոնտեյներների վերահսկման ծրագրի շրջանակներում, իրավապահները հայտնաբերել են նրա վարած կասկածելի բեռնատարը։ Մեքենայի խուզարկությամբ՝ կցասայլի հետևի երկու դռներից, որպես ապացույց հանվել է մինչև 80 կիլոգրամանոց «հերոին» թմրամիջոցի 315 տուփ։
Քննությամբ պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին նպատակ է ունեցել Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց տեղափոխել Եվրոպա։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով, նա ձերբակալվել է։