Հետևեք մեզ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

18:07, 04 մայիս 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի  ներկայացուցիչներ:

 

Այս մասին հայտնում են Մայր Աթոռից.

 

«Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

 

Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում ևս մեկ դրսևորումն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող զորակցության։ 

 

Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձավ Մարսելի քաղաքային իշխանության և հայ համայնքի սերտ գործակցությանը, գոհունակությամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեծ թվով հայորդիներ ապաստան են գտել նաև Մարսել քաղաքում, որտեղ և կազմակերպել են իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի առաջընթացին:

 

Իր հերթին Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, անդրադարձավ հայ-ֆրանսիական պատմական առնչակցություններին, կարևորեց տեղի հայ համայնքի և ազգային կազմակերպությունների ներդրումն ու շարունակական ներգրավվածությունը քաղաքի զարգացման գործում։ Քաղաքապետ Պայանը նաև հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները