Հետևեք մեզ։

Իրանը առաջարկում է ստեղծել Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք

08:50, 05 մայիս 2025
Իրանը առաջարկում է ստեղծել Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք

Իրանը առաջարկում է ստեղծել Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին հայտարարել է երկրի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խորհրդական Ամին Թարֆեն։

Նա նշել է, որ նախաձեռնությունը հնչեցվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիքի վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ և արժանացել է պաշտոնյաների հավանությանը։

Խորհրդականի խոսքով՝ այս տարի ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովը կգլխավորի Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը։

Բացի այդ, Թարֆեն ընդգծել է, որ Իրանի և Թուրքմենստանի միջև կարող է ստորագրվել «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ համաձայնագիր, որը նախատեսում է տարեկան տարանցիկ փոխադրումների ծավալը հասցնել 20 միլիոն տոննայի։

«Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել Իրանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի մայիսի 17-19-ը կայանալիք նիստի շրջանակներում», - ասել է նա։

Խորհրդականը նաև նշել է, որ 2025 թվականի մարտի 21-ից մինչև 2026 թվականի մարտի 20-ը (իրանական օրացույցով) նախատեսվում է Իրանի տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» միջանցքի արևելյան ուղղությամբ տեղափոխել 3 միլիոն տոննա բեռ։

Նշենք, որ ՏՐԱՍԵԿԱ-ն միջազգայնորեն ճանաչված ծրագիր է, որի նպատակն է զարգացնել տնտեսական հարաբերությունները, առևտուրը և տրանսպորտային կապերը Սև ծովի ավազանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ բոլոր մասնակից երկրների քաղաքական կամքի և համատեղ ջանքերի վրա հիմնված ակտիվ միջոցառումների միջոցով։

Այսօր ՏՐԱՍԵԿԱ միջազգային տրանսպորտային միջանցքը ներառում է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի 14 մասնակից երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տրանսպորտային համակարգերը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները